Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ. ՔԿ

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։

Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։

Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։

Փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին: Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մյուսինը՝ ծանր:

ajax-loader