Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն:

«2024թ․  մայիսի 7–ին ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում​ են ​ անհետաձգելի​ ապացուցողական​ և​ վարութային​ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

ajax-loader