Մետաղագործությունը, մասնավորապես, պղնձագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Վկայություններ կան հին հունական, հռոմեական, արաբական, հայկական պատմագրության մեջ։
Դա վկայում է նաև Աստվածաշունչը։
13-րդ դարում Կիրակոս Գանձակեցին, որպես հայ գրականության մեջ առաջին վկայություն, նշում է Ախթալային պղնձահանքերի մասին։
Պղնձահանքի շահագործումն ընդհատումներով շարունակվել է մինչև 16-րդ դարը, ապա վերսկսվել 18-19-րդ դարերում՝ Հայաստանի հյուսիսում, մասնավորապես, Ալավերդիում, Ախթալայում, իսկ հարավում՝ Զանգեզուրում։
Իբրև Զանգեզուրի հանքավայրերի շահագործման սկիզբ ընդունված է համարել 1845 թ․, երբ գործարկվել է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը։
1845-1917 թթ․-ին՝ շուրջ 7 տասնամյակ, երկամասում գործել է 12 պղնձաձուլական ձեռնարկություն՝ տարեկան 6-10 տ ընդհանուր արտադրողականությամբ։ Ստացված հումքը և պատրաստի արտադրանքը վաճառվել է Թիֆլիսում, մասամբ էլ՝ Պարսկաստանում։
Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված է 465 հանքավայր։ Հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան 40 ունեն արդյունաբերական նշանակություն։
Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից շահագործվում են միայն հինգը։