Նախատեսված է, որ 2024-ից ՏԻՄ-երի, նոտարների կողմից տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այդ մասին այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը:
Նրա խոսքով, այս փոփոխությունների արդյունքում այլեւս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացիները եւս մեկ անգամ այցելեն այդ մարմիններ փաստաթղթերը թղթային տարբերակով ստանալու համար, այլ այդ փաստաթղթերի ծածկագրերը կստանան SMS հաղորդագրության ու էլեկտրոնային փոստի միջոցով, եւ դիումներ ներկայացնելիս կներկայացնեն այդ ծածկագրերը. «Այդ ծածկագրերի մուտքագրմամբ արդեն դիմումին կից փաստաթղթերը կկցագրվեն ինքնաշխատ եղանակով:
«Օրինակ, եթե կողմերը մոտեցել են նոտարական գրասենյակ, կնքել են, օրինակ, առուվաճառքի պայմանագիր, այդ պրոցեսում նոտարի կողմից այդ փաստաթուղթը վավերացված մուտքագրվում է ինտեգրված համակարգ, եւ տրվում է քաղաքացուն այդ փաստաթղթի ծածկագիրը: Եթե SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով անհնար է ուղարկել ծածկագիրը, կարող են նաեւ քաղաքացուն տրամադրել այդ փաստաթղթերի մուտքագրման քաղվածքը»,-ասաց նա: Արմեն Ալեքսանյանը նաեւ հավելեց, որ այս համակարգը կբացառի փաստաթղթերի կեղծումը:
Պարզաբանելով փոփոխությունների արդյունավետությունը՝ Ալեքսանյանը նշեց, որ միայն 2023 թվականին թղթային տարբերակով բերվել է 435 հազար փաստաթուղթ, որոնք կարող են բաղկացած լինել մինչև 40 էջից և ահռելի թղթաշրջանառություն է լինում։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև 2024 թ հուլիսի 24-ն արդեն իսկ ներկայացվել էր 182 հազարչ թղթային տարբերակով փաստաթուղթ, իսկ էլեկտրոնային համակարգը ներդնելու երկու օրվա ընթացքում կոմիտեն ընդունել է 1200 փաստաթուղթ։