Նոր Արեշում փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այդ մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։

Փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին:

ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։

ajax-loader