44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները:

Անուշ Լալազարյանն ասել է, որ նախադպրոցական հաստատություններում սովորողներին տրվող մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման նախագիծը ենթարկվել է փոփոխության: Ըստ նրա՝ փոփոխության ենթարկվելու հիմքերը կապված են 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքում սովորողների հետ, ովքեր փոփոխության համաձայն նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթություն կստանան: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեով:

«44-օրյա պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ծրագիր իրականացրեց, որի արդյունքում ԿԳՄՍՆ-ին փոխանցվեց արդեն հաշվառված երեխաների մասով տեղեկատվություն: Հարցման արդյունքում պարզվեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների ընտանիքների երեխաների թիվը շուրջ 127 է, սակայն մեր ֆինանսավորման կարգի փոփոխության արդյունքում դրան կավելանան նաև զինծառայողների, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքների երեխաները»,-նշել է Անուշ Լալազարյանը:

Նա ընդգծել է, որ Երևանի նախադպրոցական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, սակայն մարզերում ֆինանսավորումը իրականացվում է ծնողների համավճարների հիման վրա, ուստի ֆինանսավորման կարգի փոփոխությամբ շահառու հանդիսացող երեխաների անվճար կրթությունը վերաբերվում է մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաներին, որը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբեր 1-ից:

ajax-loader