Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։

Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը միավորման ներսում։ Այդ սկզբունքներին համապատասխան, ինչպես գրում է Շադը, դիտարկվում է նաև դաշինքին աֆրիկյան մեկ այլ երկրի անդամակցումը։ Բացի այդ, ապագայում Բրազիլիայի իշխանությունները կցանկանային Ինդոնեզիան տեսնել միավորման կազմում, «սակայն Ջակարտան առայժմ պատրաստ չէ միանալու BRICS-ին», նշում է նա։

BRICS-ի գագաթնաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-ից մինչև 24-ը։ Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը հայտնել էր, որ BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնեցրել են փաստաթուղթ, որտեղ նշված են միավորում նոր անդամների ընդունման սկզբունքները։

Ընդհանուր առմամբ, BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել 22 երկիր:

Համագործակցությունը ստեղծվել է 2006 թ.-ին։ Դրա կազմի մեջ սկզբում մտնում էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Այնուհետև BRICS-ի մեջ մտավ ՀԱՀ-ը։

ajax-loader