«Մոսկվայի տունը» ՌԴ մայրաքաղաքի 876-ամյակի առթիվ Երևանում մարզերում կանցկացնի միջոցառումների շարք

Մոսկվայի 876-ամյակի առթիվ Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց ասուլիսի ընթացքում:  Մայրաքաղաքում և մարզերում  միջոցառումները կազմակերպելու է «Մոսկվայի տուն» կենտրոնը։

«Առաջին միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ «Գազպրոմի» դպրոցում բացելու ենք Մոսկվայի անկյունը։ Այնտեղ կներկայացվեն գրքեր Մոսկվայի պատմության վերաբերյալ և կունենան թեմատիկ խորագրեր՝ սպորտային Մոսկվա, թատերական Մոսկվա, կինոյի Մոսկվա։ Նման միջոցառման փորձ ունենք, որովհետև անցյալ տարի կազմակերպեցինք Կապանում և Երևանի Պուշկինի անվան դպրոցում»,- նշեց Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաջորդ  միջոցառումը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 2-ին՝ «Մոսկվայի տուն» կենտրոնում, որտեղ ռուսական աշխարհագրական միության հետ համատեղ կբացվի Մոսկվային նվիրված «Ամենագեղեցիկ քաղաքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Այցելուները կարող են տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները, կարող են պատկերացում կազմել ինչպես 16-րդ դարի Մոսկվայի, այնպես էլ մեր օրերում դինամիկ զարգացող մեգապոլիսի մասին։ Նույն օրը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա արդեն ավանդական դարձած շախմատի կայծակնային 4-րդ մրցաշարը՝ նվիրված Մոսկվայի օրվան։

«Նախատեսել ենք ևս մեկ հետաքրքիր միջոցառում, որը տեղի կունենա Իսահակյանի անվան գրադարանում։ Այնտեղ այցելուների ուշադրությանը կներկայացվի Մոսկվայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ, ինչպես նաև կբացվի գրքերի ցուցահանդես»,- տեղեկացրեց Կարապետյանը։

Նախապես ծրագրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 9-ին Հայաստանի շաշկու ֆեդերացիայում կանցկացվի ռուսական շաշկու ամենամյա (թվով չորրորդ) մրցաշարը՝ նվիրված Մոսկվայի օրվան, որին մասնակցելու են նաև 12-18 տարեկան մարզասերները։ Կարապետյանի պնդմամբ՝ մրցաշարի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է և այդ մասին վկայում է նաև մասնակիցների քանակական աճը։

«Մարզական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 10-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի կունենա սառցե շոու, որի ընթացքում ցուցադրական համարներով կներկայանան դպրոցի սաները։ Նրանք անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ են սպասում այդ միջոցառմանը, ակտիվորեն պատրաստվում են»,- ասաց բանախոսը։

Կարապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան «Դյուշես» մարզադպրոցում տեղի կունենա արդեն ամենամյա դարձած սուսերամարտի առաջնությունը, որտեղ պատանիները կմրցեն չորս մրցաձևում։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի կազմակերպված միջոցառմանը հրավիրված էր օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը։ Նրա ներկայությունը  ոգևորել էր պատանի մարզիկներին և առանձին շուք հաղորդել միջոցառմանը։

Մոսկվայի 876-ամյակի միջոցառումները բնականաբար չեն շրջանցել Հայաստանի մարզերը։ Մասնավորապես՝ Արմավիրի ռուսական կենտրոնում տեղի կունենա գրադարանավարների վերապատրաստման դասընթացների մեկնարկը։ Երևանում  «Մոսկվայի տուն» կենտրոնը Հայաստանի Ազգային գրադարանի հետ սկսել է մասշտաբային ծրագիր, որի ընթացքում ՀՀ մարզերի գրադարանավարները կմասնակցեն վերապատրասման դասընթացների։ Ծրագիրն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նույն օրը Արմավիրի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի 6 մարզերի (Արարատ, Արագածոտն, Արմավիր, Վայոց ձոր, Շիրակ և Կոտայք) ստեղծագործական համույթների ներկայացումները։  Կարապետյանի գնահատմամբ՝ միջոցառումն աննախադեպ է, քանի որ ստեղծվում է մշակութային երկխոսություն ՀՀ մարզերի միջև։

«Էլ ինչ միջոցառում, եթե այն չունի իր մեծ տոնական համերգը։ Մոսկվայի տարեդարձին նվիրվածմիջոցառումները կամփոփվեն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ սեպտեմբերի 17-ին կայանալիք երաժշտական երեկոյի ընթացքում լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը կկատարի Արամ Խաչատրյանի ջազային ստեղծագործությունները։ Համերգասրահի ցուցասրահում կբացվի նաև ֆոտոցուցահանդես, որտեղ կներկայացվեն Արամ Խաչատրյանի լուսանկարները  տարբեր հյուրախաղերից։ Այս տարի Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը մշակութային մեծ ծրագրով նշել է աշխարհահռչակ կոմպոզիտորի 120-ամյակը»,-ասաց Կարապետյանը։

Մոսկվայի օրվա առթիվ Կապանում բացվելու է նաև ռուսական կենտրոն։ 

ajax-loader