Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1987 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Է. Շ. Ու., ծնված 1982 թ., Լիբանանի քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենաներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Տ.-ին (ծնված 1966 թ․) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և մյուս ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1958 թ․) հոսպիտալացվել են Թալին բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

ajax-loader