450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրերի շահառուներին

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստում հիմնավորվեց, որ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով։

2023 թ. օգոստոսի 15-ի դրությամբ ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 1685 շահառու, որից 236-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (222,355,306 դրամ), 494-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (22,965,628 դրամ), 955-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (982,744,936 դրամ)։ Ընդհանուր առմամբ, վճարվել է 1,228,065,870 դրամ, որից 300 մլն դրամն ապահովվել է բյուջեի վերաբաշխման միջոցով, իսկ 928,065,870 դրամը ծրագրի շրջանակում 2023 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների հաշվին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. երրորդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Իրականացվում են երեք ծրագրեր. մասնավորապես, առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ծրագրերի լավարկման, դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է նաև հանրապետությունում ծնելիության ցուցանիշները.

«Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակման համաձայն՝ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների թվով 2005 թվականից սկսած, իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն, մենք ունենք ռեկորդ: Այսինքն՝ 2022 թվականի ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956 3-րդ և հաջորդ երեխա։ Համեմատության համար նշենք, որ 2005 թվականին ծնվել է 5260, 2018թ.՝ 8271 երեխա։ Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոս աճ ունենք։ Այս պահին 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների համամասնությունը 2022 թվականի տվյալներով կազմում է 1-ինը՝ 36 տոկոս, 2-րդը՝ 31.2 տոկոս և 3-րդը ՝ 33 տոկոս։ Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ, բավականին արդյունք են տվել», -ասել է փոխնախարարը:

ajax-loader