Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 29 փողոց

Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են:

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, աշխատանքեր են տարվելու նաև Համաշխարհային բանկի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջոցներով։ «Փողոցաշինական նախկին տեմպը, որն ունեինք նախկին տարիներին, կշարունակվի նաև այս տարի: Փողոցներում, հիմնանորոգումից բացի, կտեղադրվեն նոր լուսակետեր»,- ասել է քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ միջոցների առկայության դեպքում քաղաքում նախատեսվում է նաև այլընտրանքային ճանապարհի կառուցում:

Անդրադառնալով վերջին շրջանում Հյուսիսային մաքսատանը մեքենաների կուտակումներին, ինչը շատ բնակիչների համար խնդիրներ է առաջացնում, Վարդգես Սամսոնյանը նշել ՝՝ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու համար. քաղաքում մաքսազերծման սպասող մեքենաների կայանման համար հատուկ տարածքներ կհատկացնեն:

ajax-loader