237 նոր ավտոբուսը Երևանում է. վարորդների թափուր տեղեր կան

Տրանսպորտի վարչության հայտարարած գրեթե բոլոր մրցույթները կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը կլինի այս շաբաթ: Վարորդների ընդունման աշխատանքները դեռ շարունակվում են: Դեռ ունենք թափուր տեղեր, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք կսպասարկեն մեր բնակությանը»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստը հստակ ժամանակացույց ունենալ, թե որ ավտոբուսները որ ուղղություններով և ինչ ժամկետներում են մտնելու երթևեկություն:

«237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու»,- ասաց նա:

ajax-loader