ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը հատկապես ընդգծել է սահմանների համալիր կառավարման, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում։

Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: ՊԵԿ նախագահը, նաև ընդգծել է ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAIEX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը հարկային և մաքսային բարեփոխումների ոլորտներում` այս համատեքստում կարևորելով Արևելյան գործընկերության շրջանակներում «Մաքսային համագործակցություն» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով Լիտվայի Հանրապետություն նախատեսված աշխատանքային իր այցը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Եվրոպական Միության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերություններն ու համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև փախգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումների ուղղությամբ արդյունավետ աշխատելու և համագործակցելու։

ajax-loader