Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրետորիայի Union Buildings կառավարական համալիրում՝ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի նախագահությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ռամաֆոսան նշել է, որ ՀԱՀ-ի և Չինաստանի միջև գոյություն ունի գործընկերություն, որը ռազմավարական բնույթ է կրում։
«Հարավաֆրիկյան Հանրապետությունը Չինաստանից շատ բան ունի սովորելու զարգացման ճանապարհին», – ընդգծել է Ռամաֆոսան։ Աֆրիկյան ամենախոշոր հեռուստաալիքներն իրականացրել են արարողության ուղիղ հեռարձակում:
Միջոցառման ավարտին երկու երկրների ղեկավարները ձեռնամուխ են եղել բանակցություններին։ Ակնկալվում է, որ դրանց արդյունքներով կընդունվեն համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթեր։
Օգոստոսի 22-ին ավելի ուշ Սի Ծինփինը Պրետորիայից կմեկնի Յոհանեսբուրգ, որտեղ կմասնակցի այսօր մեկնարկող BRICS-ի գագաթնաժողովին։ ՉԺՀ-ի ղեկավարի պետական այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կավարտվի օգոստոսի 24-ին՝ գագաթնաժողովի աշխատանքի ավարտով։