Հայաստանում գործող ընկերությունները  Apple-ի սարքերը ձեռք կբերեն բացառիկ գներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ:

«Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես նաև հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել մրցունակ պայմաններով և նաև հին սարքերը փոխարինել նորով»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործաքների զարգացումն է և ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության և հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումն է:

Խաչատրյանը եզրափակելով նշել է՝ Apple ընկերությունը իր ոլորտում առաջատարներից մեկն է, և նախարարությունը կարևորում է նման ընկերությունների հետ համագործակցությունը:

«Հուշագրի ստորագրումն իրենից ենթադրում է նոր հնարավորությունների ընձեռում մեր ՏՏ ոլորտին, որը հնարավորություն կտա որոշակիորեն մեր ներդրումը կատարել ոլորտում, զարգացնելու և առաջարկելու նոր բիզնես լուծումներ, որոնք պատրաստել ենք մեր ընկերությունների համար»,- ասել է ASBC ընկերության կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Մարիաննա Մարգարյանը:

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն են ունեցել հաստատելու գործնական կապեր և քննարկելու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Հյուրերի թվում էին ASBC-ի գործընկերները, ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ajax-loader