Հաջորդ շաբաթվանից կանոնավոր կգործի Երևան-Կապան չվերթը․ Փաշինյան

Այսօր ՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։

Վարչապետը տեղում ծանոթացել է «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին, շրջել տարածքում, զրուցել աշխատակիցների հետ։

«Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան և արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ, այսինքն՝ քաղաքացիները կարող են տոմս գնել և օգտվել այս տրանսպորտից»,-մարզպետարանում քննարկման օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետը և հավելեց, որ որոշ դիտարկումներ ունի չվերթի, օդանավի հետ կապված, որոնց շուրջ դիտարկումները կներկայացնի ավելի ուշ։

Նա նշեց նաև, որ չվերթից օգտված քաղաքացիների կարծիքները հաշվի առնելով հետագայում կլավարկվի սպասարկման որակը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ վստահեցրեց, որ մյուս շաբաթվանից կսկսվեն կանոնավոր չվերթները քաղաքացիների համար և որի հետ կապված տեխնիկական ոչ մի խնդիր առկա չէ։

Վարչապետը հայտարարեց նաև, որ օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի առաջին ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ քաղաքացիների համար։

ajax-loader