Անհրաժեշտ է սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը․ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։

«Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է և ինքն արդեն անցել է անհրաժեշտ նախազորակոչային ստուգումները և ունի տարկետում բժշկական հիմքով՝ առողջական վիճակից ելնելով և միաժամանակ նա գտնվում է դեռևս դպրոցում և չի ավարտել դպրոցը։ Եվ երբ 19 տարին լրանում է և նրան տրվել էր տարկետումը բժշկական հիմքով, այնուհետև կրթության հիմքով տարկետում տալը բարդություն է առաջացնում, որովհետև օրենքի այս պահի ձևակերպումը հիմք դիտում էր միայն կրթությունը»,- ասաց Անդրեասյանը։

Առաջարկվող նախագծով սահմանվում է 19 տարեկան անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման տարկետում տրամադրել նորմերից մեկով՝ առողջական խնդիրների կամ ուսումնառության շարունակման հիմքով:

ajax-loader