Վրաստանը և Իսրայելը ստեղծում են ազատ առևտրի գոտի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում  ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», – հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դարչիաշվիլին և Բարկատը նշել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը ներառում է փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջությունը։

Այցի ընթացքում Դարչիաշվիլին նախատեսում է հանդիպել Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ:

ajax-loader