Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել

Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Նշվում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, հայտնի է նրան փոխարինողի անունը, որը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովն է:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարարը չի հերքել այս տեղեկատվությունը և նշել, որ դեռ տեղյակ չէ՝ եղե՞լ է պաշտոնական նշանակում, բայց արցախյան կողմն ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլեր:

Ղազարյանն ընդգծել է, որ Արցախում նախ և առաջ ցանկանում են հասկանալ, թե որո՞նք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը», քանի որ ՌԴ զորախումբը առայժմ որևէ բացատրություն չի տվել, թե ինչո՞ւ չի կանխվել Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով՝ իր վերահսկողության գոտի համարվող Հակարիի կամրջի փակումը։

Արցախցի պաշտոնյան հատուկ շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձել է հայրենիք՝ տեսնելով, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է տեղակայվել, «բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում»։

Ղազարյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում միայն կոչերը բավարար չեն, դրանք շատ քիչ են, անհրաժեշտ են գործուն քայլեր, այլապես Ադրբեջանը կարող է էթնիկ զտում իրականացնել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի խորհրդական 66-ամյա Ալեքսանդր Լենցովը գեներալ-գնդապետի կոչում ունի, մինչ խորհրդականի պաշտոնը՝ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել: Նախ՝ ԽՍՀՄ, ապա ՌԴ զինված ուժերում ավելի քան չորս տասնամյակ ծառայած բարձրաստիճան զինվորականը, ռուսաստանյան աղբյուրների համաձայն, մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի և Սիրիայի պատերազմներին։

նյութի աղբյուրը՝ https://armtimes.com/hy/article/258683

ajax-loader