Երևանի փողոցներից մեկը կկոչվի Ֆրունզե Դովլաթյանի անվամբ

Երևանի ավագանին ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ անվանակոչելու որոշումը:

Երևանի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը:

Ավագանու նիստի ընթացքում միաձայն ընդունվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչել Եգիպտոսի հրապարակ: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվել էր առաջարկություն Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:

Երևանի ավագանու որոշմամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցն կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի անվամբ` «Թերեզա Միրզոյան փողոց»: Իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը կկրի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի անունը:

Ավագանին հավանություն տվեց նաև Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցը՝ նրբանցքներով, հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անվամբ անվանակոչելու որոշմանը:

Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը Երևան քաղաքի Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում տեղադրելու նախագիծը նույնպես հավանության արժանացավ Երևանի ավագանու կողմից:

ajax-loader