ՆԱՏՕ-ի 700 խաղաղապահ արդեն մեկնել է Կոսովո․ Ստոլտենբերգ

Կոսովոյում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ի խաղաղապահների՝ KFOR ուժերի դեմ բռնությունները միանգամայն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի օգնական ուժերը՝ 700 զինծառայողների կազմով, արդեն մեկնել են Կոսովո:

«ՆԱՏՕ-ի 700 զինվորականներ արդեն Կոսովոյի ճանապարհին են: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քաղաքական կարգավորումից: Մեր ուղերձը և՛ Բելգրադին, և՛Պրիշտինային այն է, որ նրանք պետք է բարեխղճորեն ներգրավվեն ԵՄ-ի միջնորդությամբ երկխոսության մեջ: Դա խաղաղության միակ ճանապարհն է, բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն պարտավորություն ունի՝ ապահովելու կայունությունը Կոսովոյում»,- ասել է Ստոլտենբերգը՝ ժամանելով Օսլո՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով վիրավորվել էր ՆԱՏՕ-ի 30-ից ավելի խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %:

ajax-loader