Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր․ փոխնախարար

Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԳԱԱ-ում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծելով ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։

Իր ելույթում փոխնախարարը, մասնավորապես, ասաց․

«Հարգելի գործընկերներ, երկրաբաններ և երկրաբանության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, 2004 թվականի հունիսի 3-ի ՀՀ կառավարության N936-Ն որոշմամբ՝ ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված նշել երկրաբանի մասնագիտական տոնը՝ Երկրաբանի օրը, ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը։

Այսօր մենք նշում ենք մասնագիտական այս տոնը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք։ Երկրաբանությունը թույլ է տալիս մեզ տեսնել Երկրի պատմությունը և գնահատել նրա երկրաբանական գործընթացները, որոնք հսկայական ազդեցություն են գործում մեր կյանքի և շրջակա միջավայրի վրա։

Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ուսումնասիրում են ընդերքի ռեսուրսները, մշակում էներգիայի արդյունահանման և օգտագործման կայուն և արդյունավետ ուղիներ, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելու խուսափել բնական աղետներից և ստեղծել ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։

Այս օրը  մենք պետք է ևս մեկ անգամ հիշենք երկրաբանի աշխատանքի կարևորության մասին և թե ինչպես է այն ազդում մեր կյանքի որակի վրա։ Այսօր մենք պետք է խոսենք մասնագիտության ձեռքբերումներից և  ապագա մարտահրավերներից։

Երկրաբանության ոլորտում գիտական և գործնական ձեռքբերումները հնարավորություն են տվել զգալիորեն բարելավել ներդրումային միջավայրը ՀՀ-ում և նոր ներդրումներ ներգրավել տնտեսություն։ Բնության կողմից  տրված ընդերքի անգնահատելի հարստությունը մեզ թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։

Այս համատեքստում, սակայն, չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։ Այս առթիվ ընդերքի արդյունավետ ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղությունը։ Այս հավասարակշռության ապահովման ճանապարհին մենք շատ անելիքներ ունենք մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները։

Ցանկանում եմ կրկին շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ և մաղթել բարօրություն և հաջողություններ՝ հետագա գործունեության մեջ։

Շնորհակալություն բոլորիդ՝ մասնագիտության և գիտության մեջ ձեր ներդրման համար»։

ajax-loader