ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպել էին Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։
Ներկա էին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ, դասախոսներ և այլ պատվավոր հյուրեր։
Բացման խոսքում, ընդգծելով երկրաբանության կարևորությունը, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը կարծիք հայտնեց, որ իրենց կառույցը հանրապետության միակ գիտական կազմակերպությունն է, որն իրականացնում է հիմնարար և կիրառական հետազոտություններ երկրաբանության հիմնական բոլոր ուղղություններով: Նա ներկայացրեց ինստիտուտի տարիների ձեռքբերումները, միջազգային գործակցության և արձանագրված ցուցանիշների արդյունավետությունը, հավելելով, որ ոլորտը գիտական է, երկրի տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը և այն պետք է մշտապես զարգացում ապրի։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն իր ելույթում ողջունելով հյուրերին, շնորհավորեց նրանց Երկրաբանի օրվա առթիվ և հայտնեց, որ երկրաբանության ոլորտի գիտական ներուժը մեծ նվիրվածությամբ իրականացնում է իր առաքելությունը երկրի համար անվտանգային, աղետածին երևույթների կանխարգելման, օգտակար հանածոների երկրաբանական և այլ ուսումնասիրությունների առումով։
ՏԿԵՆ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը էլ շնորհավորելով Երկրաբանի օրվա առթիվ նշեց, որ վերջին տարիներին երիտասարդների մոտ հետաքրքրություն չի առաջացնում երկրաբանի մասնագիտությունը և, դա նկատի ունենալով, պետությունն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում մասնագիտության նկատմամբ դիմորդներին մոտիվացնելու ուղղությամբ։
«Այսօր մենք պետք է խոսենք մասնագիտության ձեռքբերումների և ապագա մարտահրավերների մասին։ Բնության կողմից տրված ընդերքի անգնահատելի հարստությունը մեզ թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։ Սակայն այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։ Այդ առումով ընդերքի արդյունավետ ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղությունը»,- իր ելույթում ասաց ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս համատեքստում շատ անելիքներ կան՝ երկրաբանի մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմների բարելավման ճանապարհին։
Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Երկրաբանության թանգարանում, ծանոթացան եզակի նմուշների հետ, համտեսեցին գինի և ունկնդրեցին երկրաբանների ստեղծագործությունները։