Ավինյանը հանձնարարել է խիստ պատժել մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մեղավորներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել շատ արտառոց և վտանգավոր դեպք։

«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը հավելել է, որ այս տեսաակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում ապրիլի 1-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատել է արտակարգ ռեժիմով։

ajax-loader