Հանրապետությունում 5-րդ կարգի հրդեհավտանգ վիճակ է. մասնագետները զգուշացնում են

 Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում  և այլն։

Հրավիրած ասուլիսում այդ մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են։

«Հրդեհները լինում են մարդածին և բնածին։ Վերջին տարիներին մեր երկրում աճել է հարավային լայնություններից ներթափանցող ջերմային ալիքների կրկնելիությունը, ինչի հետևանքով աճել է բնածին հրդեհների ռիսկայնությունը։ Այստեղ ռիսկն ավելի է մեծանում, երբ ավելանում է նաև մարդածին գործոնը, այսինքն` գյուղացիներն այրում են խոզանները, տերևների թափոնները, հետո չեն հանգցնում։ Սա մեծ վնաս է հասցնում մեր կենսաբազմազանությանը»,– ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` հրդեհների հետևանքով որոշ կենդանիների գենետիկական բազմազանության կորուստ է գրանցվում, էկոհամակարգերն են խախտվում և այլն։ Սուրենյանը շեշտեց, որ քամու առկայության պայմաններում կամ տեղումների բացակայության դեպքում անգամ մի փոքր կրակը կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնա։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը վստահեցրեց, որ գյուղացիների շրջանում թյուր կարծիք կա, թե խոզանների և տերևների թափոնների այրումը կարող է բարձրացնել հողի որակը։ Նրա պնդմամբ` հրդեհների արդյունքում վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազեցվում է խոնավությունը, ինչպես նաև հողի բերրիությունը։

«Նման երևույթների հետևանքով նաև օդի վատթարացում է առաջանում, ավելանում են մարդկանց, կենդանիների շնչառական խնդիրները, բարձրանում է օդի աղտոտվածությունը։ Հրդեհներից հետո անձրևներն էլ կարող են հողի էրոզիա առաջացնել, առաջացած մասնիկներն էլ կարող են հայտնվել ջրային էկոհամակարգեր, ինչի պատճառով ջրերի աղտոտում կարող է տեղի ունենալ։ Մարդու առողջության վրա էլ լուրջ ազդեցություն է ունենում․ այրումներից թունավոր քիմիական նյութ է անջատվում, ինչն էլ հանգեցնում է թոքերում քաղցկեղի առաջացմանը։ Լինում է նաև հազ, ալերգիկ երևույթներ են ի հայտ գալիս»,– ասաց Պետրոսյանը։

Պայմանավորված առկա վտանգներով` մասնագետները հորդորում են հատկապես տաք եղանակին խոզանների և տերևների թափոնների այրում չիրականացնել, քանի որ այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասում 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, որը համարվում է ամենաբարձր ցուցանիշը։

Ըստ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։ Այս օրենքը խախտելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված աշխատավարձի 50-պատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 150-պատիկի չափով։

ajax-loader