Քաջարանի Մշակույթի պալատում ներկայացվել է «44-օրյա հերոսապատում» գիրքը

Քաջարանի Մշակույթի պալատի մեծ դահլիճում կարոտն ու հուզմունքը միախառնվել էին իրար։ Հերթական անգամ բեմից հնչեցին արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների անունները։

Երեկոն կազմակերպվել էր Մշակույթի պալատի անձնակազմի և պատերազմի ականատես և մասնակից Ոսկեհատ Մելքումյանի նախաձեռնությամբ։ Չարաբաստիկ պատերազմի զոհերից էր նաև Ոսկեհատի եղբայրը՝ կապիտան Հովհաննես Մելքումյանը։

Երեկոյի ընթացքում Ոսկեհատ Մելքումյանը ներկայացրեց իր հեղինակած «44-օրյա հերոսապատում» գրքի ստեղծման պատմությունը, որի հիմքում ընկած են ռազմի դաշտում արված իր գրառումները։ Խոսելով իր եղբոր զինակից ընկերների սխրագործությունների մասին, արհավիրքը իր աչքերով տեսած և կորստի ցավ ապրած Ոսկեհատը հարազատի պես ներկայացրեց նաև քաջարանցի զոհված տղաներից յուրաքանչյուրին։

Դահլիճի էկրանից հանդիսատեսի հետ մտովի խոսում էին նրանք, կարծես հուշում էին, որ մենք՝ ապրողներս, միշտ վառ պահենք իրենց հիշատակը և երբևցե չընկճվենք։

Ոսկեհատ Մելքումյանի «44-օրյա հերոսապատում» գրքի լրացուցիչ քանակը տպագրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի հովանավորությամբ։


ajax-loader