Առնվազն 42 լրագրող է սպանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն սկսվելու պահից

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմն սկսվելու պահից սպանվել է առնվազն 42 լրագրող։ Շատերն անհետ կորած են համարվում կամ վիրավորվել են, տեղեկացրել է  Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։

CPJ-ի տվյալներով՝ 2022-23թթ. Ուկրաինայում սպանվել է ընդհանուր առմամբ 15 լրագրող։

37 պաղեստինցի լրագրողների մեծ մասը զոհվել է իսրայելական ռմբակոծությունների ժամանակ։ Չորս իսրայելցի լրագրող սպանվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետեւանքով, մեկ լիբանանցի լրագրող սպանվել է հարձակման հետեւանքով։ Լիբանանի կառավարությունը մեղադրել է Իսրայելին՝ հրթիռային հարվածի համար։ Սպանված լրագրողներից շատերը աշխատում էին որպես ֆոտոլրագրողներ կամ վիդեոթղթակիցներ՝ տեղերում փորձելով նկարահանել դեպքերը։

Reuters-ի Լիբանանում աշխատող թղթակից Իսամ Աբդալլահը զոհվել է Լիբանանի հարավում տեղի ունեցած հարձակման հետեւանքով, այդ ժամանակ վիրավորվել են նաեւ վեց այլ լրագրողներ, երկուսը՝ Reuters-ից, եւ լրագրողներ AFP-ից եւ «Ալ-Ջազիրայից»։

Reuters-ի գլխավոր խմբագիր Ալեսանդրա Գալոնին իսրայելական իշխանություններին կոչ է արել հետաքննել նրա մահվան դեպքը։ Նա ասել է. «Ականատեսները պատահարի վայրում ասել են, որ Իսամին սպանած ականը արձակվել էր Իսրայելից»։

Իսրայելի Պաշտպանության բանակը Reuters եւ Agence France Press գործակալություններին հայտնել է, որ չի կարող երաշխավորել Գազայում աշխատող լրագրողների անվտանգությունը։

Լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք միջազգային հումանիտար իրավունքի համաձայն եւ չպետք է ենթարկվեն ուղիղ հարձակումների։

Լրագրողները Գազայի հատվածում բախվում են վտանգի իսրայելական զորքերի ցամաքային հարձակման, ավիահարվածների, կապի եւ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումների պատճառով, նշել է CPJ-ն։

ajax-loader