Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, եւ «ԿԲ-ն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակը հարթելու միջոցով»:
«2022-ին եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը եղել է $900 միլիոնից ավելի համարժեք գումար»,- ասել է ԿԲ նախագահը:
Պատասխանելով հարցին, թե Ամուլսարի շահագործման դեպքում տնտեսության մեջ կարող է լինել արտարժույթի մեծ ներհոսք եւ արդյոք չկա վտանգ, որ կլինի «հոլանդական հիվանդություն», Մարտին Գալստյանն ասել է, որ «ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները»:
«Ինչ վերաբերում է ակնկալվող զարգացումներին, թե արդյոք Ամուլսարի գործարկման արդյունքում տեղի կունենա որոշակի արտարժութային միջոցների ներհոսք, ապա՝ միգուցե: Բայց ես կարծում եմ, որ ամբողջական պատկեր ստանալու եւ այդ պատկերի արդյունքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանքելու տեսանկյունից մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը տարիների ընթացքում իրականացրել ենք»,- ասել է ԿԲ նախագահը:
«Հոլանդական հիվանդությունը» կամ Գրոնինգենի էֆեկտը ենթադրում է ազգային արժույթի կտրուկ ամրապնդում մեկ գերիշխող ոլորտից ապրանքների արտահանման սրընթաց աճի հաշվին: Ամենից հաճախ դա վերաբերում է ածխաջրածնային հումքին։
«Հոլանդական հիվանդությունը» հանգեցնում է նրան, որ սկզբում արտարժույթի ներհոսքը նվազեցնում է երկրում գնաճը, սակայն, միաժամանակ, դանդաղեցնում է այլ ճյուղերի զարգացումը եւ խոչընդոտում տնտեսական աճին, ինչն ապագայում հղի է գների կտրուկ աճով։