360 միլիոն դրամ կհատկացվի 11 մարզական ֆեդերացիայի և Երևանի շախմատի ֆեդերացիային

Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային՝ 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

«Սպորտում մեծ նվաճումների, հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մազրումային և մրցումային փուլերի շարունակականությունն ու անընդհատությունը։

Սա նշանակում է, որ պետք է ավելացնել ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարարերի մասնակցության թիվը։ Դրանք փորձի ձեռք բերման առաջնահերթ հարթակներ են և դրանցով որոշակիանորեն երաշխավորվում են բարձր արդյունքները պաշտոնական մրցումներում»,- ասաց Խզմալյանը։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ 2022 թվականին ֆեդերացիաներին հատկացվեց լրացուցիչ 200 միլիոն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցելու ավելի մեծ թվով հավաքներին և մրցաշարերին։

«Այն ժամանակ արդյունքները եղան աննախադեպ, նվաճեցինք 307 մեդալ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ այս ցուցանիշը 30 տոկոսով բարձր է երբևէ ունեցած մեր ամենաբարձր ցուցանիշից։

Նկատի ունենանք նաև, որ 2023 թվականը նախաօլիմպիական տարի է և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ-2024 օլիմպիական խաղի վարկանիշները, որը նույնպես առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտություն»,- ասաց Խզմալյանը։

ajax-loader