Էլեկտրաէներգիայի համատեղ բորսա․Հունգարիան, Սերբիան և Սլովենիան միավորվում են

Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի առևտրի համար Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի համատեղ բորսան կսկսի գործել մինչև 2024 թվականի կեսերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։

«Սլովենիայի, Սերբիայի և Հունգարիայի կորպորատիվ և տեխնիկական որոշումներ են ընդունվել, և կառավարությունների կողմից հաստատվելուց հետո այս տարվա առաջին կիսամյակում կարող է գործարկվել երեք երկրների համատեղ էլեկտրաէներգիայի փոխանակումը, ինչը զգալիորեն կբարձրացնի ողջ էներգետիկ անվտանգությունը տարածաշրջանում»,- նշել է արտգործնախարարը։

Նա հիշեցրել է, որ վերջին 1.5-2 տարվա ընթացքում էներգետիկ անվտանգությունը դարձել է Եվրոպայի ամենալուրջ խնդիրներից մեկը։

«Երկրների միջև սերտ էներգետիկ համագործակցությունը, երևի թե երբեք այդքան կարևոր չի եղել: Դա հատկապես վերաբերում է Կենտրոնական Եվրոպային, որտեղ չկան նավթի և գազի խոշոր հանքավայրեր, ուստի պետությունների փոխկախվածությունն էլ ավելի մեծ է: Ուրախ ենք, որ այսքան մոտ ենք Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ ինտեգրված էլեկտրաէներգիայի բորսան ստեղծելուն»,- գրել է նախարարը Facebook-յան էջում:

ajax-loader