Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ է պահպանում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

Պատասխանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության հնարավոր սրացման մասին հարցին՝ Նասեր Քանաանին հայտնել է երկու երկրների պաշտոնյաների հետ շփումների մասին։

«Հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել (ռազմական) բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հայտնել են, որ (Հայաստանի հետ) բախվելու մտադրություն չունեն», – հավելել է նա՝ Ադրբեջանի Հանրապետության վերջին զորքերի տեղակայումը բնութագրելով որպես «սովորական գործողություն»՝ ձմռանն ընդառաջ։

«Իրանը լրջորեն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Մենք երաշխավորում ենք, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և մենք աջակցում ենք սահմանների անվտանգությանը», – ընդգծել է Քանաանին։

Նա նշել է, որ Իրանն անփոփոխ և թափանցիկ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։

«Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հարցում, որը մի քանի անգամ հստակորեն հայտարարվել է, գաղտնի չէ։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և նրա բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն որոշակի շրջանակներում», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Կրկնելով պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու և լարվածությունից խուսափելու Իրանի կոչը՝ Քանաանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման և խաղաղության ու անվտանգության հասնելու համար կարևոր քայլ է երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։

ajax-loader