Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։

Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային կենտրոնների տարածքային ստորաբաժանումներ։ Յուրաքանչյուր համայնքում կա ներկայացուցչություն (ընդհանուր թվով` 64), և կոնտակտային անձերի միջոցով հնարավոր է իրականացնել հաշվառում։ Բոլոր համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր, և այդ կոնտակտային տվյալները հնարավոր է գտնել irazekum.am կայքում։ Նախօրեին ՀՀ վարչապետը ներկայացրեց, որ իր մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, անկախ տարիքից, հատկացվելու է միանվագ 100 000-ական դրամ։ Այն  անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, տվյալ գործընթացը կիրականացվի ավելի դյուրին, անկանխիկ փոխանցումով»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կարճաժամկետ կեցավայր, որից հետո արդեն միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերով որոշվելու է անձանց բնակության վայրը և այն պայմանները, որոնք կառաջարկվեն։ 

Ժամը 12։00-ի դրությամբ՝ 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից։ Արագածոտնի մարզում տեղավորվել  է 972 անձ, Արարատի մարզում՝ 4650, Արմավիրի մարզում՝ 1772, Գեղարքունիքի մարզում՝ 1935, Լոռու մարզում՝ 921, Կոտայքի մարզում՝ 4622, Շիրակի մարզում՝ 900, Սյունիքի մարզում ՝ 2040, Վայոց Ձորում՝ 1370 անձ, Տավուշի մարզում՝ 1116 անձ։

Լինում են դեպքեր, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է որոշակի կեցավայր, սակայն նրանք չուզենալով կամ չհարմարվելով պայմաններին՝ տեղափոխվում են այլ մարզ՝ նախապես կանխորոշված իրենց վայրը։ Այդ պատճառով մարզերում հաշվառված անձանց ցուցակներում գրանցվում են թվային փոփոխություններ։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է շուրջօրյա գործող 114 հեռախոսահամարը։ Մարդիկ կարող են իրենց հուզող բոլոր հարցերով զանգահարել թեժ գծի նշված համարին։ 12։00-ի դրությամբ գրանցվել է 8500 զանգ, ուղղվել են բազմապիսի հարցեր, որոնց տրվել է օբյեկտիվ պարզաբանում։ Հարցերը նույնպես հավաքագրվում են։

Առաջնային կարիքների հաշվառման հարթակում շուրջ 13500 հայտ է լրացվել, որպեսզի տեղի ունենա կարիքների օբյեկտիվ գնահատում, իսկ հետո դրանց տրվեն նպատակային լուծումներ։ Կամավորների հայտարարագրման գործընթացը ևս շարունակվում է kamavor.mlsa.am կայքում, որտեղ արդեն իսկ լրացված կա շուրջ 1000 հայտ։ Շարունակվում է նաև սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրումը։ Արդեն շուրջ 180 կազմակերպություն արձագանքել է։

ajax-loader