Երևան-Կապան ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:

Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ

Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։

Արժեքը ՝ սկսած 20 000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։ 

 Օգոստոսի 19-ին, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։ «Զվարթնոցից» Սյունիքի օդանավակայն են ժամանել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Սյունիքում առաջին ուղևորներին դիմավորել են ն մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։

Առաջին չվերթով Երևան է մեկնել ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Սյունիք օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով՝ օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ երկրի համար։

«Այն կարևոր է նաև ԶՊՄԿ-ի, որպես երկրի խոշորագոյւն ձեռնարկության համար, քանի որ կանոնավոր չվերթները զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների և հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Պատկան մարմինների համապատասխան որոշմամբ՝ կանոնավոր չվերթները նախատեսվում է սկսել շուտով՝ ավնտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթները կիրականացնի լիցենզավորված ընկերությունը, իսկ ԶՊՄԿ-ն հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձևավորման գործընթացին»։

Մինչ այդ մի շարք տեխնիկական թռիչքներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 17-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ մեկնել էր  Երևան-Կապան ավիաչվերթով։

Երթուղին սպասարկում է  «Նովէյր» ավիաընկերությունը։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։

ajax-loader