Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին

Ըստ օրենքիԵրևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և, եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,– ասել է Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը՝ առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, իսկ օրենսդրությամբ այդ օրն է նախատեսվում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։

Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Ընտրություններին կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։

ajax-loader