Տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։

«Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։ 

Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։ 

Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։ 

ajax-loader