Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն` Ռուսաստանում

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մայիսի 15-ից անցկացվել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Խաչատրյանի տրիոյի հետ համատեղ։

«Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում և իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ծրագրով:

Հինգ օր շարունակ Եկատերինբուրգ քաղաքում հնչել են Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները՝ ընդգրկելով մեծանուն կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուղին` սկսած ուսանողական տարիներից մինչև նրա վերջին՝ ալտի համար գրված սոնատը:

Արամ Խաչատրյանի ամենաշատ կատարվող, ինչպես նաև քիչ հայտնի ստեղծագործությունները ներկայացրել են Ուրալի ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերը, Խաչատրյան տրիոն, Ռուսաստանի և Հայաստանի հայտնի երաժիշտ-կատարողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Սվեդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ բացվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են եզակի փաստաթղթեր և լուսանկարներ: Ցուցադրությունը ուղեկցվել է կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմաշարով:

ajax-loader