Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով

2022 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր և ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի «2022 թվականի ֆինանսական գործունեության մասին» հաշվետվությունը։

«Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, պետական հատվածի արդիականացման և տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով։

Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով կամ 3,1 միլիարդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրերի իրականացման շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։

2022 թվականից համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիրը վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրերից փոխանցվել է Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Բացի այդ, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցության միջոցառումը վարչապետի աշխատակազմից փոխանցվել է Ազգային ժողովին, իսկ «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության աջակցություն միջոցառումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Փորձում ենք նախորդ տարիներից մնացած նմանատիպ ծրագրերը, որոնք մեր լիազորությունների մեջ չեն մտնում և կարողությունները չեն ներում, որպեսզի գնահատականներ տանք ծրագրերի իրականացման համար, տեղափոխել պրոֆիլային գերատեսչություններ և մարմիններ»,- ասաց Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ 2021 թվականի համադրելիության ցուցանիշի համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերի գծով արձանագրվել է 4,4 տոկոս աճ։

«Այս ցուցանիշը հիմնականում ձևավորվել է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, տեսչական վերահսկողության և ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերի աճի արդյունքում։

2022 թվականին վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել են հետևյալ ծրագրերը․ վարչապետի լիազորությունները իրականացման ապահովման, պետական հատվածի արդիականացման, աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին, հանրային իրազեկում, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, տեսչական վերահսկողության,արդյունահանող ճյուղերի զարգացման, տոների և հիշատակի օրերի, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման ծրագրերը»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ վարչապետի աշխատակազմը իր առջև նպատակ է դրել շարունակել պետական ապարատի արդյունավետության բարձրացման աշխատանքները։

«Այս ամբողջ աշխատանքի արդյունքը ընդունվող որոշումների որակն է և Կառավարության աշխատանքի կազմակերպումն է։ Մեր գնահատմամբ՝ արդյունավետությունն այս առումով ավելացել է։ Իհարկե, աշխատակազմի աշխատանքը տեսախցիկների առջև չէ, բայց Կառավարության նիստերի, նախորդ տարիների նիստերի հետ համեմատությամբ դա ակնհայտ է դառնում։ Միայն խմբագրման գնացող նախագծերի կտրուկ նվազումը դրա վկայությունն է։ Սա նշանակում է, որ ամբողջ գործընթացը, որը կազմակերպվում է ապարատի կողմից, ավելի արդյունավետ է իրականացվում, քան նախկինում։

Ազգային ժողովի հետ աշխատանքը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում, դրա մասին կարող են վկայել գործընկերները։ Նախագծերի բազմակողմանի քննարկումը թույլ են տալիս ԱԺ լիագումար նիստեր բերել ավելի որակով նախագծեր՝ լինեն դրանք գործադիրի նախաձեռնությամբ, թե՛ օրենսդիրի։

Աշխատակազմը շարունակել է ամենաանմիջական մասնակցություն ունենալ մեր հանրային կյանքի ամենախոշոր միջոցառումների կազմակերպմանը։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված օլիմպիական մարզաձևի՝ տվյալ դեպքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, «Starmus» գիտության և մշակույթի փառատոնի, «Մանկական Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպման կոմիտեները գլխավորել եմ անձամբ։ Բոլոր այս միջոցառումները եղել են աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի հսկողության ներքո։ Արդյունքներն էլ ձեր աչքերի առաջ են եղել»,- եզրափակեց Հարությունյանը։

ajax-loader