Կառավարության նպատակը Երևանից Կապան կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ ունենալն է, Սանոսյան

Հայաստանի կառավարության վերջնանպատակը Երևանից կապան օդային կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է։

Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Երևանից դեպի Կապանի օդանավակայան մեկ տեխնիկական թռիչք իրականացրել ենք, դրա ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ են նախանշվել։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում․ նավիգացիոն համակարգում է պետք որոշ բաներ փոխել, որոշ սարքավորումներ է պետք ավելացնել։ Մոտ ժամանակներս մենք երկրորդ թռիչքը կիրականացնենք։ Կարող է այնպես լինել, որ օդանավը Կապանի օդանավակայանում վայրէջք չկատարի, որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան հասնելու գոտում են։ Մենք երկրորդ թռիչքը կկատարենք, որպեսզի վստահ լինենք, որ այդ խնդիրները վերացել են, իսկ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է»,- ասաց Սանոսյանը։

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։

ajax-loader