Հայ կինոն 100 տարեկան է․ միջոցառում Քաջարանի Մշակույթի պալատում

Քաջարանի Մշակույթի պալատը և «Քաջարան» կինոթատրոնը, միանալով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ –ի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը (ապրիլի 16-ից մեկնարկել են հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները), ապրիլի 17-ին Մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպեցին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով միջոցառում։ Այդ մասին հայտնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որում, մասնավորապես, նշված է․

«Երեկոյի սկզբում հակիրճ ներկայացվեց հայ կինոյի ստեղծման պատմությունը՝ համր ֆիլմերից մինչև ժամանակակից թվային ֆիլմերը։ Չէինք կարող հատուկ չանդրադառնալ ֆիլմերի համար երաժշտություն գրող նշանավոր կոմպոզիտորներին և իրենց գործերին՝ կենդանի նվագակցությամբ հնչեցին հատվածներ «Խաթաբալա» (Խ․ Ավետիսյան, «Կինտոյի պարը») և «Զանգեզուր» (Ա․ Խաչատրյան, «Արմենի պարը» կամ «Արծվապար») ֆիլմերից:

Խոսվեց նաև ֆիլմերում գործածված 19-20-րդ դարերի տարազի, հագուստի ամեն դետալի նշանակության ու խորհրդի մասին։ Ուշադրության կենտրոնում իհարկե զանգեզուրյան տարազն էր։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ առավել մոտիկից ծանոթանալու «Նռանե» պարային համույթի մենակատար Սառա Ստեփանյանի կրած զանգեզուրյան հանդերձանքին, ով նաև կատարեց «Հարսնացուն Զանգեզուրից» ժողովրդական պարը։

Ճեմասրահում կազմակերպվել էր նաև փոքրիկ ցուցահանդես՝ ներկայացված ֆիլմերի հին (առաջին) պաստառների նմուշներով։

Միջոցառման համար ընտրվել էր հանդիսատեսի հետ անմիջական, ինտերակտիվ շփման ձևաչափ։ Հյուրերին առաջարկվեց կենդանի կատարման ուղեկցությամբ միասին երգել « Պեպոյի երգը» (Ա․Խաչատրյան) համանուն ֆիլմից։ Վերհիշելով սիևրված և ճանաչված հայկական ֆիլմերը («Խաթաբալա», «Թթենի», «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք մեր սարերը», «Մեր մանկության տանգոն»), հանդիսատեսին առաջարկվեց մասնակցել խաղ-մրցույթի և գուշակել հայտնի հերոսների խոսքերն ու աֆորիզմ դարձած արտահայտությունները։ Պարզվեց, որ Քաջարանի կինոսերները բավականին լավ են հիշում մեր հին ֆիլմերը , իսկ ընտրված ձևաչափը հնարավորություն տվեց ներկաներին ակտիվորեն ներգրավվել միջոցառման ընթացքին։

Երեկոն նպատակ ուներ խոսել, խորհել, բարի կարոտով հիշել, ևս մեկ անգամ հպարտանալ մեր փառահեղ կինոկտավներով։

Միջոցառման երաժշտական համարները կատարեցին․
քանոնահարների դուետ՝ Նաիրա Բաբայան և Նարա Մկրտչյան,
դհոլ ՝ Գառնիկ Մարտիրոսյան,
վոկալ ՝ Լիլիթ Գրիգորյան,
«Նռանե» պարային համույթի մենակատար Սառա Ստեփանյան (գեղարվեստական ղեկավար և պարուսույց Մելանյա Մարտիրոսյան)։

Հայ կինոյի տոնական միջոցառումների շրջանակում մարզերում և Երևանում նախատեսվում է 100 հայկական ֆիլմի ցուցադրություն։ Մեր կինոսեր հետևորդները կարող են մեկնաբանություններում առաջարկել, թե ո՞ր ֆիլմն են ցանկանում դիտել @kajarancinema ում»։

ajax-loader