ԶՊՄԿ–ն չի զիջում առաջատարի դիրքը. ՊԵԿ-ը հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։

Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ հարկ է վճարել։

Ցուցակի առաջին տասնյակում են նաև ծխախոտի, կապի, վառելիքի և բանկային բիզնեսի ներկայացուցիչները։

Երրորդ և չորրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո» (ավելի քան 31 մլրդ դրամ) և «Մոբայլ սենթր արթ» (30.1 մլրդ դրամ) կազմակերպություններն են։

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Փրիթի ուեյ» (23.3 մլրդ դրամ) ընկերությունը։ Վեցերորդ տեղում «Ամերիաբանկն» է (22.8 մլրդ դրամ), իսկ յոթերորդը «Արդշինբանկն» է (21.3 մլրդ դրամ)։

Վառելիքի ոլորտում աշխատող «Սի Փի Էս էներջի գրուպն» այս կիսամյակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը (16.5 մլրդ դրամ)։ Իններորդ և տասներորդ հորիզոնականներում են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (15.7 մլրդ դրամ) և «Ջեյ Թի Այ Արմենիան» (13.9 մլրդ դրամ)։

1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. երրորդ եռամսյակում պետական բյուջե են վճարել ընդհանուր 1 տրիլիոն 266 մլրդ 911 մլն 979 հազար դրամ, որն այս պահի փոխարժեքով մոտ 3 մլրդ 148 մլն 389 հազար 529 դոլար է կազմում։

ajax-loader