ՊԵԿ-ի հարկային ոլորտի աշխատանքները՝ 1-ին կիսամյակում

2023թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել է ավելի քան 15.9 հազար ստուգում եւ ուսումնասիրություն՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական եւ ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: 2023թ. առաջին կիսամյակում վերլուծությունների արդյունքում կազմվել է շուրջ 42 հազար փաստաթուղթ (կամերալ արձանագրություն եւ ծանուցում): Ճշտված հաշվարկներով առաջադրվել է շուրջ 25.2 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի 37.9%-ով:

«Հարկ վճարողների վարքագծի փոփոխության արդյունքում 99.8 մլրդ դրամով ավելացել է իրացման շրջանառությունը: 2023թ-ի հունվար-հունիս ամիսներին հարկ վճարողների կողմից ինքնուրույնաբար ներկայացվել է շուրջ 2.0 մլրդ դրամ գումարի ճշգրտված հաշվարկ: Հարկային մարմնի կողմից թեմատիկ ուսումնասիրություններով արձանագրվել է 3.8 մլրդ դրամ գումար»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաեւ, որ հարկ վճարողների սպասարկումն էլեկտրոնային հարթակում իրականացնելու նպատակով ՊԵԿ-ը մի շարք նախաձեռնություններ է իրագործում:

Էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ: Կներդրվի պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ. կստեղծվի պետական տուրքի վճարման միասնական հաշիվ՝ նախկինում գործող տարբեր հաշվեհամարների փոխարեն: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը կիրականացվի ինքնաշխատ եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի:

Նպաստների գծով տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հարթակի ներդրմամբ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կկատարվի ինքնաշխատ։

ajax-loader