Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads-ի գործարկման համար

Twitter ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սպառնում է դատի տալ Meta-ին (Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությանը)՝ իր գլխավոր մրցակից Threads-ը գործարկելու համար: Այս մասին հայտնել է Semafor ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Twitter-ի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքս Սպիրոյի նամակը Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նամակում փաստաբանը պնդում է, որ Meta-ն վարձել է Twitter-ի մի շարք նախկին աշխատակիցների, որոնց դեռ հասանելի են եղել Իլոն Մասկի ընկերության «առևտրային գաղտնիքները և այլ խիստ զգայուն տեղեկատվություն»։ Այդ աշխատակիցներին էլ, իբր, նպատակաուղղված օգտագործել են՝  Twitter-ին նմանվող հարթակը ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ Meta-ն նոր հարթակը գործարկել էր նախօրեին մոտ 100 երկրներում։ Twitter-ի նման այն թույլ է տալիս կարճ տեքստային հաղորդագրություններ հրապարակել։ Ցուկերբերգի խոսքով՝ հավելվածը մի քանի ժամում ներբեռնել են ավելի քան 30 մլն անգամ։

Threads-ը այժմ հանդիսանում է Twitter-ի ամենամոտ մրցակիցը նաև այն պատճառով, որ կարող է օգտագործել Instagram-ի օգտատերերի հսկայական տվյալների բազան։

Նյութի աղբյուր   https://factor.am/665362.html

ajax-loader