SUMMEET-ին Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը

SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի  Kannon պարային թատրոնը: Պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։ 

Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում  առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր սահմաններն ընդլայնում է, ինչը Kannon Պարային թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովն անչափ  կարևոր է համարում։ «Գյումրին  մշակութային քաղաք է, ու այս փառատոնը ևս իր գույներով նոր շունչ է տալիս քաղաքին, հատկապես, որ դասական պարարվեստին սովոր հանդիսատեսի համար ժամանակակից պարը տարբերվում է»,-ասում է պարային թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ փառատոնի շրջանակներում իրենց կողմից նոր ու հետաքրքիր անակնկալներ էլի կլինեն՝  ելույթներ, վարպետության դասեր, կլինեն հանդիպումներ նաև Երևանում։ 

368163031_3067580660216220_3470930218264755618_n.jpg (173 KB)

 Kannon Պարային թատրոնի տնօրեն Վադիմ Կասպարովը, ով հանդիսանում է նաև սանկտ-պետերբուրգյան  «Open look» ժամանակակից պարի փառատոնի համահիմնադիրը,   ներկայացնելով փառատոնների կարևորությունը, փաստում է՝ հատկապես միջազգային փառատոնները յուրահատուկ դիվանագիտական հարթակ են։ «Սա մշակութային դիվանագիտություն է, այն, ինչ չեն կարող անել քաղաքագետները, կարող են անել արվեստագետները։ Մշակույթն է, որ սահման չի ճանաչանում»,-հավելում է Վադիմ Կասպիրովը։ 

 SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային  փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կլինեն ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր։ Փառատոնի առաքելությունն է համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայկական ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին ծանոթացնել համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։  Հայաստանից բացի փառատոնին մասնակցում են  ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից ժամանած պարային խմբեր։

368022148_813061040329518_6048114816532023429_n.jpg (211 KB)

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

367792093_676132387410399_4330684900257575707_n.jpg (257 KB)

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։      

ajax-loader