Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը

Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։

Հենց Twitter-ի մրցակից հավելվածի ստեղծումն է դարձել Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը:

ajax-loader