Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ-ը

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում  MALKHAS JAZZ BAND-ի  համերգային ծրագրով մայիսի 4-ին  ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:

 Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում: «HAY-AT JAZZ առաջին անգամ իրականացրել ենք  2016 թվականին: Ընդմիջում ունեցել ենք միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ: Փառատոնի ձևաչափն ամբողջովին նույնն է, ինչ անցած տարիներին»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի կազմակերպիչները ջազային փառատոնը մի փոքր ուշ սկսեցին  եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Հիմնականում փառատոնը սկսում էինք ջազի միջազգային օրը, սակայն  այս տարի եղանակային պայմանների, ապա նաև նույն օրը՝ Երևանում ջազային միջոցառումների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք՝ հնարավորություն տալով  հանդիսատեսին և երաժիշտներին մասնակիցը լինելու և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացվող միջոցառումներին: Այս փառատոնն այլևս քաղաքացիություն ստացած  միջոցառում է ու վստահ եմ, որ երկար է ապրելու Գյումրիում ու միշտ պահանջված է լինելու: Մեր եզակիությունը փառատոնը թանգարանների բակերում  անցկացնելն է»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, հետագայում ևս մարդիկ իրենց այցը Գյումրի կպլանավորեն նաև ջազային այս փառատոնի շնորհիվ:

MALKHAS JAZZ BAND-ը համերգի ավարտին պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի պատվոգրով: «Ես Գյումրիում ամեն անգամ ինձ շատ լավ եմ զգում՝ ասես  մեր ակումբում լինեմ՝ շատ ջերմ ու հետաքրքիր միջավայր է, եղանակն էլ՝ հրաշալի: Ամեն անգամ մեծ ոգևորություն եմ զգում՝ շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ շատ բարդ ջազային էներգետիկա կա Գյումրիում»,- համերգից հետո ասաց ՀՀ ժողովրդական արտիստ,  ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը:

Նախագիծն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ։   Նախագծի հեղինակն է «Մանուկյան ընկերությունը», իրականացնող՝  «I LINK» ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը:     

ajax-loader