Շվեյցարական GSP համակարգը զգալի հնարավորություն է ընձեռելու Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրի ընդլայնմանը․ Հայաստանի արտահանողները կկարողանան ավելի հեշտությամբ մուտք գործել շվեյցարական շուկա, դիվերսիֆիկացնել իրենց արտահանման ուղղությունները, ամրապդնել տնտեսական կապերը՝ խթանելով տնտեսական աճը և կայուն զարգացումը։ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Արտահանման խթանման գործիքներ՝ շվեյցարական GSP հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնել Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը, նպաստել համակարգի կիրառման ընդլայնմանը, գործարարներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Շվեյցարիա արտահանման հնարավորությունների վերաբերյալ, ներկայացնել «Գրանցված արտահանողի համակարգը» («REX») և դրա կիրառությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է ապրանքների դիվերսիֆիկացումը աշխարհի տարբեր շուկաներ։
«Ներկայումս մշակում ենք արտահանման համապարփակ ռազմավարությունը, որը առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման։ Այդ ռազմավարության հիմնական առանցքը արտահանման դիվերսիֆիկացումն է, քանի որ մենք չենք ուզում կախված լինել որևէ շուկայից»,- ասաց Գևորգյանը։
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ադմինիստրացիայի ղեկավար Անժելա Խաչատրյանը նշեց, որ GSP արտոնյալ առևտրային համակարգը հնարավորություն է տալիս զարգացող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, ընդլայնված առևտրային արտոնություններ ստանալ։ Այդ համակարգի շրջանակներում Շվեյցարիան տրամադրում է մաքսատուրքերի մասնակի կամ ամբողջական զեղչ, ինչն էլ իր հերթին խթանում է առևտրի զարգացումը և աճը։
«Առաջին հերթին GSP համակարգը հնարավորություն կտա մուտք գործել դեպի նոր շուկա։ Ամբողջական կամ մասնակի զեղչված մաքսատուրքերի շնորհիվ հայկական ապրանքները կդառնան ավելի մրցունակ, և կմեծանա դրանց գրավչությունը տեղացի սպառողների շրջանում։
Երկրորդ առավելությունը Հայաստանի համար արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումն է։ Սա կարևոր նշանակություն ունի տնտեսության համար, քանի որ բիզնեսին հնարավորություն է ընձեռում մուտք գործել շվեյցարական շուկա և նվազեցնել կախվածությունը ավանդական առևտրային գործընկերներից։
Երրորդը տնտեսական կապերի ամրապնդումն է։ Սա ոչ միայն հեշտացնելու է առևտուրը, այլ նաև ճանապարհ է հարթելու առավել լայն տնտեսական համագործակցության համար։ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրի ընդլայնումը կարող է խթանել ներդրումները, տեխնոլոգիաների փոխանցումը և գիտելիքների փոխանակումը, ինչը երկու երկրներին կբերի մի շարք օգուտներ նորարարության և տնտեսական զարգացման տեսանկյունից ։
Չորրորդը ոլորտային հնարավորություններն են, քանի որ կոնկրետ ոլորտների համար կան մի շարք հնարավորություններ։ Շվեյցարացի սպառողները մեծ կարևորություն են տալիս մեր ապրանքների բարձր որակին, այդ թվում՝ տեքտիլ, դեղագործական և գյուղատնտեսական ապրանքներին։ Շվեյցարական GSP համակարգի արտոնությունը միանշանակ մրցակցային առավելություն կտա այդ տեսակի ապրանքներին։ Հինգերորդը կայուն զարգացումն է։ Շվեցարական GSP համակարգը հնարավորություն կտա հայ արտահանողներին ցույց տալ իրենց հետևողականությունը կայուն զարգացմանը»,- ընդգծեց Խաչատրյանը։
Միջոցառման ընթացքում շվեյցարացի փորձագետները ներկայացրին GPS համակարգի կիրառությանը և, թե ինչ պետք է իմանալ շվեյցարական շուկա մտնելուց առաջ։