Արցախում արգելափակված Facebook, Instagram և մյուս հավելվածներն արդեն գործում են․ որն է եղել խնդրի պատճառը

Երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում Արցախում չեն գործել META կազմակերպության հավելվածները (Facebook, Instagram, Messenger, WhatsApp): Ըստ բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի՝ խնդիրը տեխնիկական է եղել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ այս պահին հավելվածներն աշխատում են․

«Չեմ կարող հստակ ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, բայց այս պահին խնդիրը լուծված է, խնդիրը, կարծես թե, տեխնիկական է եղել»,- նշեց Բաբայանը։

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խափանումը մասնակի է եղել․

«Թեստ ենք արել և պարզել, որ Արցախից կապը դուրս է գալիս Հայաստանով, ինչը նշանակում է՝ արգելափակումը եղել է կամ ՀՀ տարածքում կամ «Ղարաբաղ Տելեկոմ»-ում»։

Մեր հարցին՝ արդյո՞ք խափանումը կարող է Ադրբեջանի կողմից իրականացված լինել, Պապյանը նշեց՝ դա արդեն ենթադրությունների դաշտում է․

«Ադբեջանցիները ժամանակին «Ղարաբաղ Տելեկոմ»-ը կոտրել էին, հետո էլի ներթափանցումներ կատարել, այս դեպքում էլ չի բացառվում, որ ինչ-որ բան սկսել են շահագործել՝ հին կոտրածներից ու փակել են»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապը խափանումներով էր աշխատում, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար․ կապի օպերատորը դարձել էր ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պարզվեց, որ հակառակորդին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև՝ ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Նյութի աղբյուր   https://factor.am/647561.html

ajax-loader