Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ. Associated Press

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ «Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ» և կոչ  արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործը փոխանցել միջազգային տրիբունալ, հաղորդում է Associated Press-ը։

«Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը Ադրբեջանի կողմից լրջորեն խոչընդոտում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը մոտ 120 հազար բնակիչ ունեցող տարածաշրջանին։ «Ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում», – ասվում է Օկամպոյի զեկույցում, որում նշվում է, որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը սահմանում է որպես «մարդկանց  խմբի համար կանխամտածված կենսապայմանների ստեղծում, որը նախատեսված է նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»:

«Չկան դիակիզարաններ և մաչետեով հարձակումներ: Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը կոչնչացվի մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասվում է զեկույցում։

Ադրբեջանի կառավարության խոսնակը հերքել է Օկամպոյի զեկույցը՝  հայտարարելով, որ այն «պարունակում է անհիմն մեղադրանքներ և պնդումներ»:

«Դա կողմնակալ զեկույց է, խեղաթյուրում է իրական իրավիճակը տեղերում և ներկայացնում է լուրջ փաստական, իրավաբանական և էական սխալներ», – Associated Press-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Դեկտեմբերին ցուցարարների ամբոխը, որ  ներկայացել էին որպես բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը: Ավելի ուշ Ադրբեջանը ճանապարհին ռազմական անցակետ ստեղծեց՝ արգելափակելով երթևեկությունը, որով, նրա պնդմամբ,  զենք և այլ մաքսանենգ ապրանքներ էին փոխադրվում:

Ադրբեջանին սահմանակից Կոռնիձորում 19 բեռնատարներից բաղկացած հերթը՝ մոտ 360 տոննա դեղորայքով ու սննդամթերքով, արդեն երկու շաբաթ  սպասում է, սահմանն անցնելու թույլտվության։

Հայաստանի կառավարության Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը Associated Press-ին ասել է, որ կառավարությունը թույլտվություն է խնդրել, որպեսզի բեռնատարները անցնեն ռուսաստանյան  խաղաղապահների միջով և մանրամասն ներկայացրել դրանց պարունակությունը, սակայն մինչև այժմ Ադրբեջանից ոչ մի պատասխան չկա:

«Ցավոք, ադրբեջանական կողմից այս իրավիճակը շահարկելու բազմաթիվ փորձեր են եղել»,- ասել է  նա։ «Մենք պարզապես հույս ունենք, որ այս մարդասիրական նախաձեռնությունը կընկալվի որպես մարդասիրական, և որ բեռը հնարավոր կլինի տեղափոխել»։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նույնպես բողոքել է, որ շրջափակման ընթացքում չի կարողացել մարդասիրական բեռներ հասցնել մեկուսացված անկլավ, թեև կազմակերպությանը թույլատրվել է սահմանափակ թվով հիվանդների տարհանել Հայաստան՝ բուժօգնության նպատակով»։

ajax-loader