Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Ա լիգան

Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է․ նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 26-ին։ Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արտասահմանցի բասկետբոլիստներն արդեն ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ:

Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։

«Մեզ համար կարեւոր է բասկետբոլի տարածումն ու զարգացումը մարզերում, դրա համար էլ որոշեցինք «Արթիկ»-ին հարազատ քաղաքում մի քանի խաղ անցկացնելու հնարավորություն տալ, մանավանդ, որ լավ երկրպագուներ ու նաեւ վերանորոգված դահլիճ կա։ Այս տարի Ա-Լիգան մեկնարկում է գարնան վերջին, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն համոզված եմ, որ շատ լավ պայքարում է անցնելու։ Այն նաեւ ավելի կարճ է տեւելու՝ մոտ 3 ամիս։ Թիմերը մեծ աշխատանքներ են տանում, համալրվում են ուժեղ բասկետբոլիստներով, բոլորն էլ ձգտելու են չեմպիոն դառնալ»,-ասել է Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը։

Լիգայի բացման խաղը կայանալու է մայիսի 26-ին, ժամը 20։00-ին․ միմյանց դեմ մրցելու են «Ուրարտու»-ն եւ «Արթիկ»-ը։

Առաջնության խաղերի մուտքը տոմսերով է:

ajax-loader