ՀՀ վարչապետը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Լեո Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ:

Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

ajax-loader